Հայաստանն առաջին տեղում է ԽՍՀՄ-ի կողմնակիցների թվում. 38 տոկոսը դրական է գնահատում Ստալինի դերը. Հարցում
ՀասարակությունՀայաստանում 79 տոկոսը համարում է, որ Ռուսաստանն աշխարհով մեկ քրիստոնյաների պաշտպանն է, մինչդեռ հենց Ռուսաստանում նման կարծիքի է հարցվածների 72 տոկոսը միայն: Այս մասին են վկայում անվանի PEW կենտրոնի՝ Եվրասիայում եւ Արեւելյան Եվրոպայում անցկացված հասարակական կարծիքի հարցման արդյունքները, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:
Հայաստանն առաջին տեղում է նաեւ ԽՍՀՄ-ի կողմնակիցների թվում: Այսպես, Հայաստանում հարցվածների 79 տոկոսը համարում է, որ Խորհրդային Միության տապալումը բացասական երեւույթ էր, մինչդեռ Ռուսաստանում այդպես է կարծում բնակչության 69 տոկոսը, Բելառուսում՝ 54 տոկոսը, Վրաստանում 42 տոկոսը, իսկ Էստոնիայում 15 տոկոսը միայն: Հարցման համաձայն, Հայաստանի բնակչության 38 տոկոսը նաեւ դրական է գնահատում Ստալինի դերը:
Խորհրդային Միության կարոտով ապրող հարցված հայերի երկու երրորդը սակայն համարում է, որ անհրաժեշտ է սերտ համագործակցել Արեւմուտքի եւ մասնավորապես՝ Միացյալ Նահանգների հետ, իսկ կեսից ավելին ժողովրդավարական համակարգի կողմնակից են: Համեմատության համար, ժողովրդավարության կողմնակից են նաեւ վրացիների եւ ռումինացիների կեսից ավելին, մինչդեռ Ռուսաստանում, Ուկրաինայում եւ Բելառուսում ժողովրդավարական համակարգի կողմնակից է բնակչության ընդամենը մեկ երրորդը: