Գյուլագարակում գրանցվել է գայլերի հարձակման երրորդ դեպքը՝ վերջին մեկ շաբաթում
ՀասարակությունNews.am-ը գրում է.
Մայիսի 12-ի լույս 13-իգիշերը Լոռու մարզի Գյուլագարակ համայնքում կրկին գայլերի հարձակման դեպք է գրանցվել: Սա վերջին մեկ շաբաթվա ընթացքում գայլերրի հարձակման երրորդ դեպքն է: Այս անգամ գյուղ մտած գայլերը ոչնչացրել են Սմբատ Թոթոլյանի ոչխարները:
Գոմում գտնվող ոչխարներից 6-ը հոշոտվելու հետեւանքով սատկել են, եւս 10-ը վիրավոր վիճակում են, 3-ն էլ փախել են անհայտ ուղղությամբ:
«Ժամը 5:30 կես եկա, որ անասունը դուրս անեմ, տեսա երկու գայլ փախան: Եկել եմ ոչխարներին ստիան-ընդիան թոփ եմ արել»,- NEWS.am-ի թղթակցի հյետ զրույցում ասում է Սմբատ Թոթոլյանը:
Վերջինս դեպքի մասին անմիջապես տեղյակ է պահել գյուղի անասնաբույժին, նա էլ իր հերթին համայնքապետին ու Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության Լոռու մարզային բաժնի աշխատակիցներին:
Ինչպես եւ նախորդ անգամ, այս անգամ եւս կազմվել է հանձնաժողով, հաշվարկվում է գյուղացու կրած վնասի չափը:
Ս. Թոթոլյանը դժվարացավ ասել, թե որքան է կազմում կրած վնասի չափը: Միայն նշեց, որ ոչխարները գնել էր վարկով: