Մխիթարյան. Խաղադաշտում փորձում եմ գիշատիչ լինել
ՍպորտԱնգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «կարմիր սատանաների» պաշտոնական կայքին տված հարցազրույցում խոսել է Պրեմիեր լիգայում իր խաղի յուրահատկության մասին և իրեն համեմատել է գիշատիչի հետ:
Մխիթարյանը խոստովանել է, որ Անգլիայի Պրեմիեր լիգայում հանդես գալու ընթացքում նա զարգացրել է իր ֆիզիկական ցուցանիշները և փոխել խաղաոճը:
«Պրեմիեր լիգայում ես այլ ֆուտբոլիստ եմ դարձել: Պայքարում եմ ամեն գնդակի համար ու փորձում անել լավագույնը: Փորձում եմ խաղադաշտում գիշատիչ լինել: Սակայն խաղադաշտից դուրս հանգիստ եմ, ոչ մի ագրեսիա չկա:
Միայն քրտնաջան աշխատանքի շնորհիվ կարող ես տաղանդդ ավելի զարգացնել, այլապես քո մոտ ոչինչ չի ստացվի»,- Մխիթարյանի խոսքն է մեջբերում «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտոնական կայքը:
Հիշեցնենք, որ Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդ» է տեղափոխվել 2016 թվականի հուլիսին: Այդ ընթացքում ֆուտբոլիստը մասնակցել է Անգլիայի Պրեմիեր լիգայի 22 հանդիպման և դարձել 4 գոլի հեղինակ:
Եվրոպա լիգայում հայ ֆուտբոլիստը խաղադաշտ է դուրս եկել 9 անգամ և դարձել 5 գոլի հեղինակ: