Ինչո՞ւ է Հայաստանում ավելացել ամուսնալուծությունների թիվը. պարզաբանում է հոգեբանը
ՀասարակությունԱյսօր ընտանիքի միջազգային օրվա առիթով հրավիրված ասուլիսի ժամանակ հոգեբան Իրինա Ծատուրյանը, խոսելով ամուսնալուծությունների մասին, ասաց, որ այդ գործընթացը Հայաստանում սկսվել է 1988 թվականի երկրաշարժից հետո, քանի որ տեղի ունեցավ ընտանիքի դերաբաշխում. «Այն բոլոր հարցերը, որտեղ ընտանիքի առանցքը տղամարդն էր, շատ դեպքերում դրվեցին կնոջ ուսերի վրա: Կինը դարձավ այդ ընտանիքների կերկարողը, իսկ դա հետևանք էր պատերազմների, արտագնա աշխատանքի»,-ասաց նա:
Իր խոսքում հոգեբանը թվարկեց ամուսնալուծության հիմնական պատճառները. «Ընտանիքի մոդելը փոխվելուն զուգահեռ՝ փոխվել են նաև ավանդույթները, օրինակ՝ 1950-ականներին բաժանությունը բացառիկ բան էր: Երկրորդը՝ կինը միշտ կախված է եղել ամուսնուց ֆինանսապես, հիմա արդեն կինը աշխատում է և կարող է գնալ բաժանության»,-ասաց նա` հավելելով. «Պատճառ է նաև այն, որ ցանկացած աղջիկ երազում է ամուսնանալ և տղա ընտրելիս լուրջ չեն նայում՝ հարմար է, հարմար չէ, շատ արագ ամուսնանում են՝ մտածելով կփոխվի, կաշխատի և այլն: Մինչդեռ ամուսնությունից հետո պարզվում է, որ միտք էլ չուներ աշխատեր և այլն:
Բաժանությունների մեկ այլ պատճառ է, երբ ամուսնանում են վաղ տարիքում և այստեղ թակարդ կա. քիչ ընտանիքներ կարող են սեփական ուժերով ամուսնանալ և զգալի թվով ընտանիքներում ծնողներն են օգնում: Ֆինանսական բազան ծնողն է դնում, նա էլ հաճախ սկսում է խառնվել, միջամտել, որի հետևանքով ընտանիքը չի զարգանում սեփական մոդելով, կախված է, ազդեցությունների տակ է և բնականոն չի զարգանում, ինչն էլ դառում է բաժանությունների պատճառ»,-ասաց հոգեբանը:
Սոսե Չանդոյան