Գվարդիոլա. Բարսելոնայում կամ Բավարիայում ինձ վաղուց դուռը ցույց կտային
Սպորտ«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան խոստովանել է, որ ուրախ է ակումբում աշխատելու հնարավորության համար, չնայած իր առաջին մրցաշրջանում չկարողացավ «Սիթիին» ոչ մի տիտղոս պպարգևել.
«Բարսելոնայում» ես ճնշման տակ էի, երբ ուրիշ ոչինչ չունեի ինձ արդարացնելու համար: Այդ ակումբում եթե դու կես տարի ոչինչ չես հաղթում, հեռանում ես:
«Բարսայի» և «Բավարիայի» նման ակումբներում պետք է հաղթես միանգամից և շատ»,- Գվարդիոլայի խոսքերն է փոխանցում «Goal.com»-ը:
Իսպանացի մասնագետը նշել է, որ հակառակ դեպքում երկրորդ շանս չեն տալիս քեզ, ի տարբերություն «Մանչեսթեր Սիթիի».
«Սիթիում» ինձ տվեցին երկրորդ շանսը, և մենք կփորձենք այն օգտագործել: Մեծ ակումբում այլ իրավիճակ լիներ, ինձ կհեռացնեին, ցույց կտային դուռը: Դա հաստատ:
Բայց ես մնում եմ «Մանչեսթեր Սիթիում» ոչ թե այն պատճառով, որ ես Պեպն եմ, կամ ոչ այն տիտղոսների պատճառով, որոնք նվաճել եմ նախկինում, այլ որովհետև գիտեմ, թե ինչումն է մեր խնդիրը: Եվ ես ամբողջ ամառվա ընթացքում չեմ անհանգստանա այն մասին, թե ինչ կլինի, եթե ես հաջորդ մրցաշրջանում ոչ մի տիտղոս չնվաճեմ»,- ասել է Գվարդիոլան:
Հիշեցնենք՝ «Մանչեսթեր Սիթին» Անգլիայի Պրեմիեր-լիգայի 34-րդ տուրում այսօր կմրցի «Վեսթ Բրոմվիչի» հետ, իսկ ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 4-րդ հորիզոնականը՝ իր ակտիվում ունենալով 72 միավոր: