Առողջապահության նախարարը պաշտոնաթող լինելու դեպքում դժվար թե վերադառնա ապահովագրական համակարգ
ՀասարակությունՀՀ առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանը պաշտոնաթող լինելու դեպքում դժվար թե վերադառնա նախկինում գործունեություն ծավալած ապահովագրական համակարգ: Նա նշեց, որ կզբաղվի մի քանի նախագծերով, որոնց մասին սակայն բարձրաձայնել չցանկացավ:
«Ես ինձ քաղաքական գործիչ չեմ համարում, ես զգում եմ ինձ ավելի շատ որպես վարչարար: Կառավարությունը կոլեգիալ համակարգ է, եւս ես, պարզ է, պետք է իմ գործընկերների հետ հրաժարական ներկայացնեմ, ինչն էլ կանեմ: Նախարարությունում 8 ամսվա աշխատանքի ընթացքում նախագծեցինք որոշ ծրագրեր, որոնց իրականացումից հետո 3-5 տարվա ընթացքում կարող ենք ասել, որ ունենք կայացած առողջապահական համակարգ: Եթե որոշվի, որ շարունակելու ենք աշխատել, ձեռնամուխ ենք լինելու, որ այդ նախագծերն իրականացվեն»,- լրագրողների հետ զրույցում ասաց Լեւոն Ալթունյանը:
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ՀՀ Կառավարությունը` վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ, հրաժարական կտա մայիսի 18-ին՝ այն օրը, երբ ըստ ՀՀ օրենսդրության՝ կկայանա նորընտիր խորհրդարանի առաջին նիստը: