Զրոյից վերաիմաստավորելով յուրաքանչյուր ծախս արդեն իսկ գրանցել ենք 2-2.5 մլրդ դրամի խնայողություն. Առողջապահության փոխնախարար
ՀասարակությունԱռողջապահության նախարարությունը նպատակադրված է ավելի օպտիմալ կերպով օգտագործել պետությունից հատկացվող գումարը: Լրագրողների զրույցում այս մասին ասաց Առողջապահության փոխնախարար Սամվել Մարգարյանը:
«Ոլորտին հատկացվող պետական բյուջեն կազմում է 85 մլրդ դրամ 2017 թվականի համար: Առողջապահական բյուջեի մասին տարբեր գնահատականներով, այդ թվում՝ Համաշխարհային բանկի գնահատականներով այսօր Հայաստանում պետությունը եւ բնակչությունը միասին ծախսում են մոտ 250 մլրդ դրամ: Սա կարելի է անուղղակիորեն անվանել այն մոտավոր օպտիմալ բյուջեի նախնական գնահատականը, որը մենք ունենում ենք»,- ասաց նա:
Սամվել Մարգարյանի խոսքով՝ այլ երկրներում, որոնք ունեն զարգացած առողջապահական համակարգեր, ոլորտին հատկացվող բյուջեի նվազագույնը 75-80 տոկոսը բաշխվում է ընդհանուր մի աղբյուրից, որն ավելի արդյունավետ է դարձնում ֆինանսների կոորդինացումը:
«Երբ փողը մի աղբյուրից է հատկացվում, հնարավոր է լինում կառուցվածքային ցանկալի արդյունքների հասնել առողջապահության ոլորտում, այսինքն՝ դու կարողանում ես այնտեղ ուղղել գումարը, որտեղ անհրաժեշտ է, այն հիվանդության ուղղությումբ, որը գտնում ես գերակա այդ երկրում:
Քանի դեռ չենք հասել դրան, մեր առջեւ կարճաժամկետ նպատակ ենք դրել կատարել եղած միջոցների ավելի օպտիմալ ծախս: Վերջին 6-7 ամիսների ընթացքում մանրամասն գույքագրել ենք բոլոր բյուջետային ծախսերը եւ արդեն պատրատվելով 2018 թվականին՝ սկսել ենք զրոյից վերաիմաստավորել յուրաքանչյուր ծախս՝ թե ծախսման մեխանիզմի, թե նպատակային ծախսելու առումով: Արդեն իսկ ունենք գրանցած 2-2.5 մլրդ դրամի խնայողություններ, որոնք ուղղվելու են նախարարարության առջեւ դրված առաջնային ուղղություններին»,-եզրափակեց Առողջապահության փոխնախարարը: