Դոմենեկ. Ռեալը ֆավորիտ է Չեմպիոնների լիգայի եզրափակչի՝ Յուվենտուսի հետ խաղում
ՍպորտՖրանսիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Ռայմոն Դոմենեկը կարծիք է հայտնել այն մասին, թե որ թիմը կհաղթի Չեմպիոնների լիգայում:
Մրցաշարի եզրափակիչ խաղի մասնակիցները, հիշեցնենք, «Ռեալն» ու «Յուվենտուսն» են.
«Իմ կարծիքով, «Ռեալը» ֆավորիտ է «Յուվենտուսի» հետ խաղում: Այդ թիմն ավելի լավ խաղացողներ ունի, և բացի դա, իսպանացիները Չեմպիոնների լիգայի գործող հաղթողներն են:
«Յուվենտուսը» շատ ամուր թիմ է, բայց կարծում եմ՝ «Ռեալը» կարող է կոտրել նրան և հաղթանակ տանել»,- Դոմենեկի խոսքերն է փոխանցում «Football Italia»-ն:
Մասնագետը խոսել է նաև մադրիդցիների գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի մասին՝ արժանին մատուցելով իր հայրենակցին.
«Զիդանը մեծագույն ֆուտբոլիստ էր և դաշտում էլ շատ չէր խոսում: Այդուհանդերձ, նա բոլոր այն թիմերի առաջատարն էր, որոնցում հանդես էր գալիս: Երբ նա ինչ-որ բան էր ասում, թիմակիցներն անմիջապես կատարում էին նրա հրահանգները:
Հիմա նա հիանալի գիտի «Ռեալին» և նրա ֆուտբոլիստներին: Հեշտ չէ լինել այդպիսի ֆուտբոլիստների մարզիչը, բայց Զիդանը դրա համար է ծնվել»,- ասել է Դոմենեկը:
Հիշեցնենք՝ Չեմպիոնների լիգայի եզրափակիչը «Ռեալի» և «Յուվենտուսի» միջև կկայանա հունիսի 3-ին Քարդիֆում: