ԱԺ-ում Մարուքյանի զենք կրելը Խոսրով Հարությունյանի սրտով չէ
ՀասարակությունԱյսօր խորհրադարանում ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը հետաքրքրվեց՝ ինչո՞ւ է ԱԺ նախագահի «Ելք»-ի թեկնածու Էդմոն Մարուքյանը ժամանակին հանդես եկել օրինագծով, որ խորհրդարանի բոլոր պատգամավորները պետք է զենք կրեն:
Խ. Հարությունյանը խոսեց նաեւ խորհրդարանի դերի բարձրացման մասին ու թե ինչպե՞ս է դա առնչվում նրա այն թեզի հետ, որ խորհրդարանականները պետք է զինված լինեն, զենք ունենան:
Ի պատասխան՝ Էդմոն Մարուքյանն ասաց. «Այո՛, առաջարկել եմ, որ զենք ունենալու, զենք կրելու իրավունք ունենան, այնպես, ինչպես նախկինում ունեցել են: Կարծում եմ, որ մեր հինգ տարիների աշխատանքը բոլորի մոտ ստեղծել է այն համոզմունքը, որ պատգամավոր Էդմոն Մարուքյանը հավասարության կողմնակից է: Երբ ես ասում էի, որ պատգամավորները պետք է զենք կրեն, ես դրան զուգահեռ ասում էի, որ այս շենքում կան պատգամավորները, ովքեր ունեն զենք, ունեն դա կրելու իրավունք: Երբ ընդդիմադիր պատգամավոր Արամ Մանուկյանը ծեծի էր ենթարկվում իր շքամուտքում, այդ ժամանակ, կարծում եմ, որ նրա զենք կրելու իրավունքը արգելք կհանդիսանար այդ անձի կողմից ոտնձգություն իրացնելու համար, նա մեկ անգամ ավել կմտածեր՝ արժե՞ պատգամավորի մուտքում սպասել նրան, հարվածել»,-ասաց նա՝ մանրամասնելով, որ ինքն ամենեւին նկատի չունի, որ բանավեճերում զենք օգտագործվի կամ պատգամավորները զենքով գան մշտական հանձնաժողովի նիստին: