ԿԸՀ-ն բաշխեց ՏԻՄ ընտրությունների համար հանձնաժողովների նախագահների և քարտուղարների պաշտոնները
ՀասարակությունՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն «Ընտրություններ» ավտոմատացված համակարգի միջոցով էլեկտրոնային վիճակահանությամբ բաշխեց տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների համար ձևավորված 15 տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների և քարտուղարների պաշտոններն Ազգային ժողովում խմբակցություն ունեցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների միջև:
«Քանի որ ընտրական օրենսգրքում ներառված է նորմ, ըստ որի՝ հանձնաժողովի նախագահի և քարտուղարի պաշտոնները կուսակցություններին և կուսակցությունների դաշինքներին բաշխվում են ԱԺ համամասնական ընտրակարգով ստացած մանդատների թվով, ուստի Հայաստանի Հանրապետական կուսակցությունը կեսից ավելի ընտրատեղամասերում կունենա հանձնաժողովի նախագահներ և քարտուղարներ»,- նշեց ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը:
Նախագահների և քարտուղարների պաշտոնները բաշխվել են հետևյալ համամասնությամբ`
Հայաստանի Հանրապետական կուսակցություն` 8-ական, «Ծառուկյան» կուսակցությունների դաշինք ` 5-ական, «Ելք» կուսակցությունների դաշինք ` 1-ական, Հայ Յեղափոխական Դաշնակցություն ՝ 1-ական:
Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի և Շիրակի մարզերի 10 համայնքներում հունիսի 18-ին տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրություններ են: Համայնքներից 8-ում կայանալու են համայնքի ղեկավարի և 2-ում` ավագանու անդամի ընտրություններ: