Վահան Մարտիրոսյանը Մոսկվայում մասնակցել է ԵԱՏՄ թվային օրակարգի քննարկումններին
ՏնտեսությունՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը և տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Էմիլ Տարասյանը մայիսի 17-ին Մոսկվայում մասնակցել են Եվրասիական տնտեսական միության` մինչև 2025թ. թվային օրակարգի մշակման աշխատանքներին: ԵԱՏՄ անդամ պետությունների կապի և հեռահաղորդակցության նախարարների առաջին հանդիպումը տեղի է ունեցել մարտի 24-ին Երևանում կայացած խորհրդակցության ժամանակ, որից հետո ձևավորվել էր աշխատանքային խումբ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից, Մոսկվայում քննարկվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից առաջարկված փաստաթուղթը, որում ներկայացված են միասնական թվային օրակարգի հիմնական դրույթներն ու ուղղությունները: Մասնակից երկրները ներկայացրել են իրենց առաջարկություններն ու դիտողությունները:
Հայկական կողմը հանդես է եկել փաստաթղթի երկու կետերում լրացումներ կատարելու առաջարկությամբ: Աշխատանքային խումբը քննարկման արդյունքում որոշում է կայացրել վերամշակել փաստաթուղթը` նկատի ունենալով բոլոր կողմերի առաջարկությունները:
Նախատեսվում է մինչև հունիսի ինը այն վերջնական տեսքի բերել, ապա վավերացնել ԵԱՏՄ անդամ պետությունների կառավարության ղեկավարների կողմից: