Գառնու տաճարի շուրջ ստեղծվող ենթակառուցվածքները զբոսաշրջիկների թիվը կավելացնեն 50 տոկոսով
ՀասարակությունԳառնի պատմամշակութային արգելոց-թանգարանում գտնվող արքունական բաղնիքի խճանկարը, ինչպես նաեւ բաղնիքն ընդգրկող շինությունը կբարեկարգվի, ժամանակակից լուծումներ կստանա:
Լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ՀՀ Մշակույթի նախարարի պաշտոնակատար Արմեն Ամիրյանը:
Նրա խոսքով` տաճարի հարեւանությամբ հանգստի կետեր կստեղծվեն, կտեղադրվեն բազմալեզու տեղեկատվական վահանակներ:
«Տաճարի հանրահռչակման գործին ակտիվորեն ներգրավելու ենք նաեւ ՏՏ ոլորտին: Տաճարի հարակից տարածքում նախատեսվում է թանգարանի կառուցում, որն իր մեջ կներառի հուշանվերների խանութ, փոքրիկ հանգստի կետ, նաեւ շարժական բեմ»,-ասաց նա:
Արմեն Ամիրյանը նշեց, որ այս տարվա առաջին չորս ամիսների ընթացքում զբոսաշրջության աճ կա 37 տոկոսով: «Հաշվի առնելով Գառնու տաճարի շուրջ ստեղծվող ենթակառուցվածքները, մենք ակնկալում ենք զբոսաշրջիկների աճ 50 տոկոսով»,-հավելեց նա: