Իրանի գյուղնախարարը հայ գործընկերոջը հրավիրեց Թեհրան քննարկելու համագործակցությանն առնչվող հարցեր
ՏնտեսությունՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Իգնատի Առաքելյանի և Իրանի Իսլամական Հանրապետության գյուղատնտեսության ջիհադի նախարար Մահմուդ Հոջջաթիի հանդիպման շրջանակներում Իրանի գյուղնախարարը հայ գործընկերոջը հրավիրեց Թեհրան՝ քննարկելու այդ ոլորտում շարունակական համագործակցությանն առնչվող հարցերը:
«Ես հրավիրում եմ Ձեզ և Ձեր գործընկերներին բանակցությունների շարունակությունն անցկացնել Թեհրանում: Երկրորդ բանակցություններում քննարկելու ենք այս հանդիպման արդյունքում գրանցած ձեռքբերումները»,- դիմելով ՀՀ գյուղնախարարի պաշտոնակատարին, ասաց Մահմուդ Հոջջաթին:
ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Իգնատի Առաքելյանը, շնորհակալություն հայտնելով հրավերի և հանդիպման ընթացքում իրանական կողմի առաջարկների համար, նշեց, որ գյուղատնտեսության ոլորտում Իրանի գրանցած ցուցանիշները շատ տպավորիչ են:
«Ես համոզված եմ, որ ստեղծելով երկու գյուղնախարարությունների աշխատանքային խումբը, կկարողանանք շատ բաներ ընդօրինակել և Իրանից Հայաստան բերել: Հայաստանը կարող է կարմիր մսի արտադրությունը զարգացնել այն նպատակով, որ արտահանի Իրան: Անպայման կայցելենք Իրանի Իսլամական Հանրապետություն»,- ասաց Առաքելյանը: