Մեկնարկեց գրողների շախմատի առաջնությանը
ՍպորտԳրողների միության անդամների շախմատի առաջնությունն անցկացվեց մայիսի 24-ին Հայաստանի գրողների միությունում: Շախմատային մրցաշարին մասնակցեց ութ գրող:
«Ոչ բոլոր գրողներն են ներգրավված այս առաջնությանը: Խաղում են այն մարդիկ, ովքեր լավ գիտեն քայլերը: Գովելի եմ համարում այս նախաձեռնությունը, քանի որ այն աշխուժացնում է մեր առօրյան»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը:
Շախմատի առաջնությանը մասնակցեցին Ալեքսան Գոմցյանը, Սամվել Կոսյանը, Արմենակ Ղազինյանը, Սերգեյ Մուրադյանը, Հովհաննես Պապիկյանը, Էդվարդ Անտինյանը, Թադևոս Խաչատրյանը, Սերգեյ Վարոսյանը:
ՀԳՄ անդամ, շախմատի մարզիչ, մրցավար Ալեքսան Գոմցյանն ասաց, որ ինքը երկրորդ անգամ է մասնակցում առաջնությանը: Առաջին մասնակցությանը երկրորդ տեղն է զբաղեցրել: «Գրողները շատ լավ են խաղում և չեն զիջում պրոֆեսիոնալաներին»,-շեշտեց նա:
Հաղթողները հայտնի կդառնան մայիսի 25-ին: Առաջին տեղի համար նախատեսված է 15 000 դրամ, երկրորդ տեղի համար 10 000, իսկ երրորդ տեղը զբաղեցրած անձը կստանա 8 000 դրամ:
Գրողների շախմատի առաջնությունը նախաձեռնել է Հայաստանի գրողների միությունը և շախմատիստ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի աշխատակից Աղասի Ինանցը: Աղասի Ինանցի օժանդակությամբ գրողների միությանը նվիրել են սեղաններ, շախմատներ, ժամացույցներ: Ակումբի անդամները հանդիպում են նաև մարզիկների ու շախմատիստների հետ: