Հայ երաժիշտները հնչեցրել են լեհ դասականների գործեր
ՄշակույթՀայաստանի Կամերային երաժշտության տանը լեհ կոմպոզիտորների գործերն են հնչել: Համերգին ներկա են գտնվել նաեւ ՀՀ Սփյուռքի նախարարի պաշտոնակատար Հրանուշ Հակոբյանը, Հայաստանում Լեհաստանի հյուպատոսը: «Հայկական համայնքը Լեհաստանում 650 տարվա պատմություն ունի: Լեհաստանում այսօր բնակվում է մ ոտ 50 հազար հայ:
Նրանք իրենց ներդրումն ունեն Լեհաստանի գիտական, կրթական,մշակութային ոլորտների զարգացման գործում: Եվ պատահական չէ, որ Լեհաստանի առաջին սահմանադրությունը հենց հայերն են գրել»,-նշել է Սփյուռքի նախարարի պաշտոնակատար Հրանուշ Հակոբյանը:
Կոնսերվատորիայի Երաժշտության պատմության ամբիոնի դոցենտ, արվեստագիտության թեկնածու Նարինե Ավետիսյանի խոսքով՝ հայ-լեհական կապերին նվիրված այս համերգը կարեւոր է հատկապես նրանով, որ երիտասարդ երաժիշտներն են կատարում լեհ դասականների գործերը:
«Մեր երաժիշտները մեր ապագան են, նրանք են տանելու մշակույթը դեպի ապագա: Փայլուն կատարումներ էին, որոնք անպայման կմնան մեր ուսանողների մեջ ու հետագայում էլ լեհ կոմպոզիտորների գործերը վստահ եմ կպրոպագանդվեն»,-նշել է Նարինե Ավետիսյանը:
Համերգի ընթացքում հնչել են լեհ հայտնի կոմպոզիտորներ Ֆրեդերիկ Շոպենի, Հենրիկ Վենյավսկու, Գրաժինա Բացեվիչի և Վիտոլդ Լյուտոսլավսկու ստեղծագործությունները: Կատարումներով հանդես են եկել Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի սաներ Տիգրան Պետրոսյանը, Անի Խաչունցը, Մարտին Շահբազյանը, Աշխեն Բաբալարյանը, Էմմա Լալայանը, Արմեն Պուչինյանը, Խաչիկ Անդրեասյանը: