Ազատ ոճի երիտասարդ ըմբիշները հավաքի են մեկնել Բելառուս
ՍպորտԱզատ ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը գլխավոր մարզիչ Ավետիք Վարդանյանի և նրա օգնական Արմեն Մալխասյանի ղեկավարությամբ մեկնել է Բելառուս:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Բելառուս են մեկնել 2017 թվականի Հայաստանի չեմպիոններ Կարեն Զուրաբյանը, Արսեն Հարությունյանը, Վարդգես Կարապետյանը, Գևորգ Մխեյանը, Արման Ավագյանը, Հովհաննես Մաղաքյանը, Սարգիս Հովսեփյանը, Հովհաննես Մխիթարյանը, ՀՀ առաջնության 2 մրցանակակիրներ` Գեղամ Գալստյանն ու Արման Անդրեասյանը:
Թիմը մայիսի 26-27-ին հանդես է գալու Բելառուսի Գրոդնո քաղաքում անցկացվելիք ԽՍՀՄ հերոս Դմիտրի Կարբիշևի միջազգային երիտասարդական հուշամրցաշարում: Մայիսի 28-ից մինչև հունիս 10-ը երիտասարդական հավաքականը կմեկնի Վլադիկավկազ, որտեղ Հարավային Օսիայի մեծահասակների հավաքականի հետ համատեղ ուսումնամարզական հավաք կանցկացնի:
Հունիսի 27-ից հուլիսի 2-ը Գերմանիայի Դորտմունդ քաղաքում կկայանա ըմբշամարտի 2017 թ. Եվրոպայի երիտասարդական առաջնությունը: