«Թատերական Սյունիք» փառատոնը Գորիսին հրաժեշտ է տվել «Որբերի ընտանիքը» ներկայացմամբ
Մշակույթ«Թատերական Սյունիք» փառատոնի փակման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ մայիսի 27-ին Գորիսի Վ. Վաղարշյանի անվան դրամատիկական թատրոնում: Ինչպես տեղեկացրին ՀԹԳՄ մամուլի ծառայությունից, Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանն իր ելույթում նշել է, որ բարձր տրամադրությամբ է հեռանում Գորիսից:
«Մեծ անհրաժեշտություն կա, որպեսզի մայրաքաղաքի թատրոնները հաճախակի այցելեն մարզեր և շփվեն իրենց ժողովրդի մասնիկը կազմող հրաշալի հատվածի հետ»,-ընդգծել է նա:
«Թատերական Սյունիք» փառատոնին մասնակցել են Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնը (Կ. Խոդիկյան «Սիրային քառանկյունի»), Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնը (Սերգեյ Շևչենկո և Ալեքսեյ Կուլիչկով «9 ամիս»), Պատանի հանդիսատեսի թատրոնը (Վ. Ստեփանյան «Բրեմենյան երաժիշտները»), Հ. Թումանյանի անվան Տիկնիկային թատրոնը (Հ. Թումանյան, «Անբան Հուռին&r aquo;), Հ. Մալյանի անվան կինոդերասանի թատրոնը (Հ. Թումանյան, «Հեքիաթներ»), Կամերային երաժշտական թատրոնը (Ա. Պանտիկին, «Կրիսպի մկնիկը»), Գյումրու Վ. Աճեմյանի անվան թատրոնը (Ռ. Կալինոսկի, «Հրեշը լուսնի վրա»), Գորիսի Վ. Վաղարշյանի անվան թատրոնը (Ռ. Կալինոսկի, «Հրեշը լուսնի վրա») և Կապանի Ալ. Շիրվանզադեի անվան թատրոնը («Բակունցյան գույներ»):
Փառատոնը եզրափակվել է Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի «Որբերի ընտանիքը» (Գ. Խանջյան) ներկայացմամբ (բեմադրությունը՝ Տիգրան Գասպարյանի): Ներկայացումը մեծ հաջողություն է ունեցել:
«Թատերական Սյունիք» փառատոնի կազմակերպիչն է Հայաստանի թատերական գործիչների միությունը: Այն անցկացվել է ՀՀ մշակույթի նախարարության և «Հրայր և Աննա Հովնանյան» բարեգործական հիմնադրամի հովանավորությամբ, ՀՀ Սյունիքի մարզպետարանի աջակցությամբ: