Շրջակա միջավայրի աղտոտվածությունը՝ լրջագույն հիվանդությունների պատճառ. ահազանգում է բնապահպան Սիլվա Ադամյանը
ՀասարակությունԻնչպես հայտնում է ORER.am-ը, այսօր լրագրողների հետ հանդիպմանը բնապահպան Սիլվա Ադամյանը, խոսելով շրջակա միջավայրի աղտոտվածության մասին, նշեց, որ դրա վրա լուրջ ազդեցություն են թողնում մարդկային գործոններն ու բնակլիմայական լուրջ փոփոխությունները:
«Այս ընթացքում ՀՀ որոշ շրջաններում լուրջ ուսումնասիրություններ են արվել, որի արդյունքում բացահայտվել է՝ հանքարդյունաբերությունը շրջակա միջավայրին լուրջ վնաս է հասցրել: Ուսումնասիրությունները կատարվել են Լոռու մարզում, Զանգեզուրում եւ Արարատյան հարթավայրում:
Պետք է նշեմ, որ վիճակը բավական մտահոգիչ է հատկապես Զանգեզուրի, Քաջարանի, Կապանի գյուղերում, որտեղ հողի, ջրի ուսումնասիրության ժամանակ հայտնաբերվել են ծանր մետաղներ: Պատճառները բոլորին հասկանալի են՝ հանքարդյունաբերողները ոչ պատշաճ ձեւով են օգտագործում իրենց հնարավորությունները»,- ասաց նա:
Բանախոսն ընդգծեց նաեւ. «Այն, որ մենք աշխարհի մակարդակով քաղցկեղի հիվանդացությամբ 2-րդ տեղում ենք, խոսում է այն մասին, որ մեր շրջակա միջավայրի ուսումնասիրություններն ամբողջական ու պատշաճ չենք անում: Ես իմ աչքով եմ տեսել, որ Երեւանի հիվանդանոցներում 30 հիվանդից 3-4-ն է, որ քաղցկեղով հիվանդ չէ: Երբ ես հարցնում էի, թե ո՞ր շրջաններից են, ասացին, որ ամենաշատը Գյումրիից ու Զանգեզուրից. պատճառը գիտեք՝ մենք չունենք պատշաճ հետեւողական աշխատանք»,- ասաց նա՝ հավելելով, որ շրջակա միջավայրի աղտոտվածությունը, բացի քաղցկեղից, հանգեցնում է նաեւ էնդոկրին համակարգի խախտումների:
Ս.Ադամյանը խոսեց նաեւ շրջակա միջավայրի վրա ազդող կլիմայական փոփոխությունների մասին, ինչը, ըստ նրա, աշխարհում համատարած խնդիր է:
«Համաշխարհային առողջապահական կազմակերպությունն ահազանգել է այնպիսի հիվանդությունների տարածման մասին, ինչպիսին են մալարիան, խոլերան, չուման եւ այլն: Չենք ասում, որ սա մեզ սպառնում է, բայց եթե փոփոխությունների սանդղակը մեծանա, լանդշաֆտները փոփոխվեն, փոխվի միջատների, մակաբույծների համակարգը, ապա վտանգ կլինի»,- եզրափակեց Սիլվա Ադամյանը: