Իրանում ՀՀ դեսպանը մեջլիսի ներկայացուցիչների հետ քննարկել է տնտեսական համագործակցությանն առնչվող հարցեր
ՏնտեսությունԻրանում Հայաստանի Հանրապետության դեսպան Արտաշես Թումանյանը հանդիպել է Իրանի Իսլամական Հանրապետության մեջլիսի տնտեսական հանձնաժողովի նախագահ Մոհամմադ Ռեզա Փուր Էբրահիմիի և հանձնաժողովի անդամների հետ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, հանդիպման ընթացքում ՀՀ դեսպանը ներկայացրել է Հայաստանի տնտեսական հնարավորությունները, տնտեսության առավել զարգացած ոլորտները (ՏՏ, հեռահաղորդակցություն, ոսկերչություն և ադամանդագործություն, ինժեներական ծառայություններ, բանկային համակարգ, սպասարկում և այլն), գործարար միջավայրի առավելությունները:
Զրուցակիցներն անդրադարձել են հայ-իրանական տնտեսական համագործակցության մի շարք ուղղությունների՝ առևտրաշրջանառության մեծացում, փոխադարձ ներդրումների իրականացում, տեղեկատվական-քարոզչական աշխատանքների արդյունավետության բարձրացում, Սև ծով-Պարսից ծոց տրանսպորտային միջանցքի զարգացում և այլն: