Մեկնարկել է Ագարակ-2 և Շինուհայր ենթակայանների շինարարությունը
ՀասարակությունԷլեկտրաէներգիայի հաղորդման ցանցի վերակառուցման ներդրումային ծրագրի շրջանակներում մեկնարկել են «Ագարակ-2» և «Շինուհայր» ենթակայանների վերակառուցման շինարարական աշխատանքները։ Էներգահամակարգի համար կարևոր նշանակություն ունեցող այս ենթակայանների վերակառուցումն իրականացվում է Ասիական զարգացման բանկի ֆինանսավորմամբ։ Ծրագրի ընդհանուր աժեքը 31,9 մլն դոլար է։ Շինարարական աշխատանքներն իրականացնում է չինական Liaoning-EFACEC Electrical Equipment Co. LTD և Northeast China International Electric Power Corporation համատեղ ձեռնարկությունը։ Այս մասին տեղեկացրին ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
«Շինուհայր» 220 կՎ ենթակայանը նախորդ տարիներին Համաշխարհային բանկի աջակցությամբ մասնակիորեն վերակառուցվել է, փոխարինվել են առաջնային 220 կՎ լարման սարքավորումները, սակայն երկրորդային շղթաները, ռելեական պաշտպանության և ավտոմատիկայի սարքվածքները հնացած են, չեն բավարարում հուսալի ու անվտանգ էլեկտրաէներգիայի հաղորդման պահանջներին և ենթակա են վերազինման։ Նշենք, որ ենթակայանը կառուցվել է 1961 թ.:
Էլեկտրաէներգիայի հաղորդման ցանցի վերակառուցման ծրագրի շրջանակներում «Ագարակ-2» ենթակայանում, որն անմիջականորեն կապված է իրանական ցանցի հետ, նախատեսվում է տեղադրել լրացուցիչ 220/110 կՎ ավտոտրանսֆորմատոր։ Դրանով էներգահամակարգի տվյալ հատվածում կապ կստեղծվի 220 և 110 կՎ լարման էլեկտրահաղորդման գծերի միջև և հնարավորություն կտա «Ագարակ-1» ենթակայանից սնվող սպառողներին ապահովել էլեկտրաէներգիայի պահուստային սնուցմամբ։
«Ագարակ-2» և «Շինուհայր» ենթակայանների արդիականացումն ու վերակառուցումը կնպաստի էներգետիկ անվտանգության և էլեկտրամատակարարման հուսալիության բարձրացմանը, նվազագույնի կհասցնի էլեկտրահաղորդման կորուստները։ Ենթակայանների վերակառուցման աշխատանքները նախատեսվում է ավարտել 2019թ.: