Չեխովի անվան թիվ 55 դպրոցի թիմը «Սպիտակ նավակ» շախմատային մրցաշարում գրավեց 2-րդ հորիզոնականը
ՍպորտՌուսաստանում ավարտվեց դպրոցականների շրջանում անցկացվող «Սպիտակ նավակ» շախմատի միջազգային մրցաշարը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` 2015 թվականից սկսած «Սպիտակ նավակ» մրցաշարը դարձել է միջազգային: Մրցաշարում Հայաստանը ներկայացնում էր ՀՀ դպրոցականների շախմատի 11-րդ օլիմպիադայի եզրափակիչ փուլի հաղթող թիմը՝ Չեխովի անվան թիվ 55 դպրոցը:
Մեր դպրոցականները վաստակեցին 25 միավոր և գրավեցին 2-րդ հորիզոնականը: Մրցաշարի հաղթող դարձան Հնդկաստանի դպրոցականները, որոնք վաստակեցին 31 միավոր: 24 միավորով լավագույն եռյակը եզրափակեցին Սվերդլովսկի մարզի դպրոցականները:
Այս տարի մրցաշարին մասնակցում էին 97 թիմ. 80 թիմ Ռուսաստանից և մեկական թիմ Հայաստանից, Բելառուսից, Իսրայելից, Ղազախստանից, Ղրղզստանից, Չինաստանից, Լատվիայից, Մոլդովայից, Էստոնիայից, Անգլիայից, Բուլղարիայից, Հունաստանից, Հնդկաստանից, Լեհաստանից, Ռումինիայից և Սլովակիայից: