Վարչապետ Կարապետյանը հանձնարարեց էապես պարզեցնել մրգերի արտահանման վարչարարությունը
ՏնտեսությունՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը պատասխանատուներին հանձնարարեց մաքսային կետերում մեկ պատուհանի սկզբունքի լիարժեք կիրառման միջոցով ապահովել Հայաստանում արտադրված սեզոնային մրգերի արտահանման վարչարարության էապես պարզեցումը: «Ներկայումս Հայաստանում արտադրված սեզոնային մրգերի արտահանման համար առավել բարենպաստ շրջանն է:
Սակայն մեր կողմից իրականացված ուսումնասիրությունների արդյունքում, պարզ է դարձել, որ նշված ապրանքատեսակների մաքսազերծման և բացթողնման գործընթացը որոշ դեպքերում մնում է ժամանակատար, իսկ իրականացվող վարչարարությունը ոչ արդյունավետ: Մտահոգիչ է նաև այն հանգամանքը, որ տնտեսավարողների համար ամբողջությամբ չի կիրառվում մեկ պատուհանի սկզբունքը»,- ասաց վարչապետը:
Հաշվի առնելով վերոնշյալը՝ կառավարության ղեկավարը ՀՀ գյուղատնտեսության նախարարին և ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահին հանձնարարեց մեկշաբաթյա ժամկետում մաքսային կետերում մեկ պատուհանի սկզբունքի լիարժեք կիրառման միջոցով՝ ապահովել Հայաստանում արտադրված սեզոնային մրգերի արտահանման վարչարարության էապես պարզեցումը և այդ գործընթացը հնարավորինս արագ, արդյունավետ և տնտեսվարողի համար մատչելի դարձնելու մեխանիզմները: