WADA-ն հետաքննություն է սկսել Ռոբերտո Կարլոսի գործով
ՍպորտՀամաշխարհային հակադոպինգային գործակալությունը (WADА) հետաքննություն է սկսել Բրազիլիայի հավաքականի եւ Մադրիդի «Ռեալի» նախկին պաշտպան Ռոբերտո Կարլոսի հարցով: Հետաքննությունն անցկացվում է գերմանական ARD ալիքի լրագրող Հեյկո Զապելտի ֆիլմի հիման վրա: Ֆիլմում նշվում է, որ Ռոբերտո Կարլոսը դոպինգ է օգտագործել կարիերայի ընթացքում:
«Կարող ենք հաստատել, որ WADА զբաղվում է այդ գործով՝ հիմնվելով ARD-ի նյութերի վրա»,- ասվում է գործակալության հայտարարությունում:
Բրազիլական հակադոպինգային գործակալությունն (ABCD) իր հերթին ներկայացրել է փաստաթղթեր, որոնց համաձայն՝ Կարլոսն ու Բրազիլիայի հավաքականի եւս 7 ֆուտբոլիստներ օգտագործել են արգելված խթանիչներ:
Ռոբերտո Կարլոս 1992-2006-ը Բրազիլիայի հավաքականում անցկացրել է 125 խաղ եւ խփել 11 գոլի, իսկ «Ռեալում» հանդես է եկել 1996-2007-ը: Նա դարձել է Իսպանիայի չեմպիոն, Չեմպիոնների լիգայի գավաթակիր, իսկ 2002-ին հռչակվել է աշխարհի չեմպիոն: