Պետական սեփականություն հանդիսացող գույքը վարձակալության հանձնելու եկամուտներն ավելացել են 9.6 անգամ
ՏնտեսությունՊետական սեփականություն հանդիսացող գույքը վարձակալության հանձնելու դիմաց 2017 թվականի հունվար-ապրիլին ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել շուրջ 945.8 մլն դրամ՝ 99.1%-ով ապահովելով առաջին կիսամյակի ծրագիրը:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ ֆինանսների նախարարության բյուջեի ամսական հաշվետվության տվյալները, նշված եկամուտները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը գերազանցել են 9.6 անգամ, որը հիմնականում պայմանավորված է «Երևան Ջուր», «Հայջրմուղկոյուղի», «Լոռի-ջրմուղկոյուղի», «Շիրակ-ջրմուղկոյուղի» և «Նոր Ակունք» ՓԲԸ-ների կողմից օգտագործվող ու պահպանվող ջրային համակարգերի և այլ գույքի օգտագործման իրավունքը վարձակալությամբ «Վեոլիա Օ կոմպանի Ժեներալ Դեզ Օ» ընկերությանը փոխանցելու հանգամանքով: 2017 թվականի անցած ժամանակահատվածում վարձակալության պայմանագրի համաձայն «Վեոլիա Օ կոմպանի Ժեներալ Դեզ Օ» ընկերության կողմից ՀՀ պետական բյուջե է փոխանցվել 856.5 մլն դրամ:
Հաշվետու ժամանակահատվածում ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի ծախսերի նկատմամբ եկամուտների գերազանցումից ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 19.3 մլն դրամ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում նշված եկամուտների գծով մուտքեր չէին ստացվել: