Չինաստանում բացվել է Հայաստանի Առեւտրաարդյունաբերական պալատի պաշտոնական ներկայացուցչություն
ՏնտեսությունՉինաստանի Ժողովրդական Հանրապետության Նինգբո քաղաքում տեղի է ունեցել Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության եւ ՀՀ առեւտրաարդյունաբերական պալատի պաշտոնական ներկայացուցչության գրասենյակի բացումը:
Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ բացման արարողությանը ներկա են եղել բարձրաստիճան պաշտոնյաներ Նինգբոյի քաղաքապետարանից, Նինգբոյի Առեւտրային պալատից, հյուրեր եւ ներկայացուցիչներ տարբեր երկրների դեսպանություններից եւ միջազգային կազմակերպություններից: ՉԺՀ-ում ՀՀ Առեւտրաարդյունաբերական պալատի պաշտոնական ներկայացուցիչն է լինելու Արթուր Եգորյանը:
Գրասենյակը զբաղվելու է հայ-չինական տնտեսական համագործակցության ակտիվացման, հայ գործարարների շահերի պաշտպանության, չինական շուկայում հայկական արտադրանքի առաջմղման եւ այլ հարցերով:
Գրասենյակի պաշտոնական բացման արարողությանը ՉԺՀ-ում ՀՀ դեսպանության անունից մասնակցել եւ ողջույնի խոսքով հանդես է եկել ՉԺՀ-ում ՀՀ առեւտրական կցորդ Հրանտ Աբաջյանը: