Միգել Դանին ու Գեւորգ Ղազարյանը կարող են դառնալ ակումբակիցներ
Սպորտ«Մարիտիմուի» նախագահ Կարլոս Պերեյրան հաստատել է, որ պորտուգալական ակումբը բանակցում է ռուսական «Զենիթից» հեռացած Միգել Դանիին վերադարձնելու վերաբերյալ: Պորտուգալացի 33-ամյա կիսապաշտպանը «Մարիտիմուի» սան է եւ պրոֆեսիոնալ կարիերան սկսել է հենց այդ ակումբում:
«Դա մեր երազանքն է, եւ մենք անցկացրել են բանակցություններ: Դանին պետք է կայացնի ոչ հեշտ որոշում: Գիտեմ, որ Միգելն ունի խաղալու մեծ ցանկություն, եւ մենք ցանկանում ենք նրան տեսնել մեր թիմում»,- ակումբի նախագահի խոսքը մեջբերում է O Jogo-ն:
Միգել Դանին 2008-ից էր խաղում «Զենիթում», որից վերջերս հեռացել էր ազատ գործակալի կարգավիճակով: «Մարիտիմուի» կազմում հանդես է գալիս նաեւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Գեւորգ Ղազարյանը, որը շարունակում է վերականգնվել ծնկի ծանր վնասվածքից:
«Մարիտիմուն» Պորտուգալիայի ավարտված առաջնությունում գրավել էր 6-րդ տեղը եւ նվաճել Եվրոպայի լիգայի որակավորման փուլի ուղեգիր: