Գերմանական զարգացման բանկը Հայաստանում կենսաբազմազանության աջակցության ծրագիր կիրականացնի
ՀասարակությունՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը հանդիպում է ունեցել Գերմանական զարգացման բանկի (KfW) «Կովկասում/Հայաստանում պահպանվող տարածքների աջակցություն» ծրագրի ղեկավար Անդրեաս Վեյցելի, KfW բանկի ներկայացուցիչ Թոմաս Այզենբախի և հայաստանյան ներկայացուցիչ Զառա Չատինյանի հետ: Այս մասին
Այս մասին տեղեկացրին ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից՝ հավելելով. «Նախարար Արծվիկ Մինասյանը շնորհակալություն է հայտնել Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարությանը՝ մեծածավալ աջակցության համար և նշել, որ համագործակցությունը նոր որակական մակարդակի բարձրացնելու անհրաժեշտություն կա:
Հանդիպմանը քննարկվել են ծրագրային ընթացիկ հարցեր: Նախարար Մինասյանը ներկայացրել է շրջակա միջավայրի պահպանության ոլորտում նախատեսվող բարեփոխումները, անդրադարձել՝ անտառների և բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարման քաղաքականության միասնական համակարգի ձևավորման անհրաժեշտությանը:
Անդրեաս Վեյցելը շնորհակալություն է հայտնել իրականացվող աշխատանքների մանրամասն ներկայացման համար` նշելով, որ Հայաստանի հետ համագործակցությունը միշտ կարևորել են և ներկայում նախապատրաստում են երրորդ սերնդի ծրագիր՝ «Կենսաբազմազանության աջակցության ծրագիր Հայաստանում» աշխատանքային անվանումով, որը կընդլայնի համագործակցությունը ՀՀ բնապահպանության նախարարության հետ: Ծրագրի նպատակն է Հայաստանի Հանրապետության կենսաբազմազանության պահպանությունը, բնության հատուկ պահպանվող տարածքների և անտառների կայուն կառավարման համակարգերի հետագա բարելավումն ու զարգացումը:
ՀՀ բնապահպանության նախարարը ողջունել է փոխգործակցության ընդլայնումը, նշել, որ գերատեսչությունն ամբողջությամբ պատրաստ է շարունակելու աշխատանքները և առաջիկայում արդեն համաձայնություն է ձեռք բերվել Հայաստանի հարավային տարածքներ, մասնավորապես, Զանգեզուրի կենսոլորտային համալիր համատեղ այցելելու ուղղությամբ, ուր և տեղում կանդրադառնան ծրագրի մանրամասներին»: