Հայաստանում ոչ ոք ապահովագրված չէ
ՎերլուծականArmenia24.info-ը գրում է.
Հին Հնդկաստանում, կար կաստայական բաժանում, որի միջոցով, հասարակական տարբեր խմբեր տարբերազատվում էին։ Հայաստանում ևս կա այդ կաստայական բաժանումը, բայց ոչ դասական օրինակի համապատասխան։ Ստացվել է այնպես, որ այստեղ կա երկու կաստա ՝ իշխողներ և իշխվողներ։ Մնացածը ՝ դժգոհողները, իշխողներին սպասարկողները, լռողները և այլ խմբեր, միջանկյալ կաստաներ են։
Իրականում, Հայաստանում, այդ կաստայական ու հիվանդ սոցիալական, քաղաքական, հասարակական, նորմատիվային մոտեցումների պատճառով, ոչ ոք պաշտպանված չէ։ Հայաստանը կիսագողապետություն, կիսախուժանապետություն, կիսաոստիկանապետություն է։ Դասական գողապետություններում, ոստիկանապետություններում և խուժանապետություններում, այդ սպասարկողները, հարմարվողները և միջանկյալ դժգոհողները գոնե գիտեն ում ենթարկվել։ Մեզանում դա արդեն վաղուց չկա։
Այստեղ ամեն ինչ խառնված է իրար։ Ոչ մեկ, ոչնչից ապահովագրված չէ։ 9-րդ դասարանցին կարող է բռնություն կատարել փողոցով անցնող ու իր երեք տարիքն ունեցող մեկի նկատմամբ։ Ու դա անել ոչ թե միայնակ, այլ խմբով՝ ոհմակի հոգեբանությամբ։ Ինչ-որ մի օլիգարխի թիկնապահ կամ վեցնոց, կարող է ծեծել ոստիկան ու անպատիժ մնալ, քրեականը սպանել զինվորական ու այսպես շարունակ։
Ապահով չեն նաև ամենաբարձրաստիճանները։ Եթե անգամ այսօր, նրանք, իրենց շրջապատել են բարձր պարիսպներով ու ավտոմատավորներով, ապա օրերից մի օր, այդ ամենը կարող է շուռ գալ հենց նրանց դեմ։ Ու այդ օրը կարծես հեռու չէ։
Սա իր դրսևորումներով անգամ բռնապետություն չէ։ Ապագայի պատմաբաններն ու քաղաքագետները դեռ երկար կքորեն իրենց գլուխները, հասկանալու համար, թե ի՞նչ մոդելի պետություն էր 21-րդ դարի սկզբի Հայաստանի Հանրապետությունը։
Զաբել Ռուբինյան