Դեմբելեի գործակալը խնդրել է Բարսելոնային առաջարկով դիմել Բորուսիային
ՍպորտԿատալոնական «Բարսելոնայի» մարզական տնօրեն Ռոբերտո Ֆերնանդես Բոնիլյոն Փարիզում հանդիպել է Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Ուսման Դեմբելեի գործակալի հետ,- տեղեկացնում է «Mundo Deportivo»-ն:
Հանդիպումը կայացել է փետրվարին, երբ «կապտանռնագույնները» Չեմպիոնների լիգայի խաղարկության շրջանակում մրցել են ՊՍԺ-ի հետ (0:4):
Բոնիլյոն հաստատել է, որ «Բարսելոնան» նախկինի պես հետաքրքրված է 20-ամյա ֆրասիացու ծառայություններով, իսկ Դեմբելեի գործակալը խնդրել է իսպանացիներին կոնկրետ առաջարկ կատարել գերմանական ակումբին:
Չնայած «Բարսելոնան» մինչ օրս կապ չի հաստատել «բզեզների» ղեկավարության հետ, քանի որ զբաղված է եղել Մարկո Վերատիի (ՊՍԺ) և Էկտոր Բելերինի («Արսենալ») հետ բանակցություններով:
Հաղորդվում էր, որ «Բորուսիան» «Բարսելոնայից» կպահանջի 90 մլն եվրո, սակայն ըստ «Mundo Deportivo»-ի, գործարքը կարող է կատարվել 60 մլն եվրոյի դիմաց:
Հիշեցնենք, որ Գերմանիայի ավարտված առաջնությունում Դեմբելեն դարձել է 6 գոլի և 12 գոլային փոխանցման հեղինակ: