«Պասիվ հանգստից շատ դժվար են վերադառնում աշխատանքային ակտիվության». հոգեբան
ՀասարակությունԱյսօր լրագրողների հետ զրույցում հոգեբան Ռուբեն Պողոսյանը, անդրադառնալով արձակուրդ գնալու եւ արձակուրդից վերադառնալու հետ կապված հոգեբանական խնդիրներին, ասաց, որ յուրաքանչյուր մարդ ձգտում է դադարի, սա բնության եւ մարդու կենսակերպն է:
«Արձակուրդը մի վիճակ է, որին պետք է հարմարվենք, քանի որ սթրեսն այն է, որ դու հարմարվում ես այլ վիճակի հետ, մոտդ խուճապ է լինում: Մարդուն հատուկ է այն, որ ինքն աշխատանքային ակտիվ փուլից ավելի հեշտ է հոգեբանորեն դուրս գալիս, քան կրկին հանգստից աշխատանքի մտնում: Շատ անգամ մարդիկ իրենց արձակուրդն ընտրում են ակտիվ կերպով անցկացնել, քանի որ իրենց համար դժվար է ակտիվ աշխատանքային շրջանից դուրս գալուց անմիջապես պասիվի անցնել»,- ասաց նա՝ ընդգծելով, որ արձակուրդի մեջ հաջորդ սթրեսը համարվում է աշխատանքի վերադառնալը:
«Ակտիվ հանգիստն այս առումով ավելի շահեկան է, քանի որ պասիվից շատ դժվար են վերադառնում աշխատանքային ակտիվության: Մարդը հանգիստն ընտրում է այնպես, ինչին հոգեբանորեն կապված է, օրինակ ՝ գիտնականները հանգստի ժամանակ էլ գիտությամբ են զբաղվում: Արձակուրդի ժամանակ սթրեսի մեջ են հայտնվում, քանի որ անհատականության կորուստ են ունենում: Կորուստն այն պատճառով է, որ մարդ ստիպված է հարմարվում, քանի որ ինքն արձակուրդ չի վերցնում այն ժամանակ, երբ ցանկանում է, վերցնում է այն ժամանակ, երբ իրեն հասնում է, ստիպված է: Մարդը կենսաբանորեն միշտ ձգտում է դադարի, դա ներսից է արվում, իսկ վերջնական դադարի չեն գնում, քանի որ դա մահն է, բայց մարդը միշտ դեպի դադար է գնում»,- ասաց հոգեբանը: