ՀՀ ԱԺ խորհուրդը հաստատել է հանձնաժողովներում 2016թ. պետբյուջեի հաշվետվությունների քննարկման ժամանակացույցը
ՏնտեսությունՀՀ ԱԺ խորհրդի հունիսի 19-ի նիստում, որը վարել է ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը, քննարկվել է «ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովներում «ՀՀ 2016 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկումների անցկացման ժամկետացանկը հաստատելու մասին» ՀՀ ԱԺ խորհրդի որոշման նախագիծը, որը ներկայացրել է ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, նախագծով սահմանվում են ԱԺ մշտական հանձնաժողովներում բյուջետային քննարկումների իրականացման օրը, ժամը, օրակարգը եւ մասնակիցների ցանկը:
Քննարկումների արդյունքում որոշման նախագիծն արժանացել է ԱԺ խորհրդի անդամների հավանությանը:
Քննարկվել եւ հաստատվել է նաեւ «Միջխորհրդարանական հանձնաժողովներում Ազգային ժողովի պատվիրակությունների կազմերը հաստատելու մասին» օրակարգային հարցը: