Լեհաստանում ՀՀ դեսպանը հանդիպել է Կիելցեի գործարարների հետ
ՏնտեսությունԼեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը հունիսի 19-ին աշխատանքային այց կատարեց Լեհաստանի Սվիենտոկշիսկե վոևոդության Կիելցե քաղաք, որի ընթացքում հանդիպում ունեցավ վոևոդության տեղական իշխանությունների տնտեսական հարցերով պատասխանատու ներկայացուցիչների և տարածաշրջանի գործարար շրջանակները ներկայացնող մի շարք կազմակերպությունների ղեկավարների հետ:
Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:
Դեսպան Ղազարյանը Կիելցեի գործարար համայնքի ներկայացուցիչներին փոխանցեց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության կողմից պատրաստված Հայաստանի ներդրումային քաղաքականությանը և կոնկրետ ծրագրերին վերաբերող ձեռնարկներն ու տեղեկատվական նյութերը:
Ելույթ ունենալով մասնակիցների առջև` դեսպանը ներկայացրեց Հայաստանի տնտեսության ընդհանուր ցուցանիշները, Հայաստանի և Եվրոպական Միության հետ առկա առևտրային ռեժիմներն ու դրանց ընձեռած հնարավորությունները, ԵԱՏՄ-ին ՀՀ անդամակցությամբ պայմանավորված նոր հնարավորությունները, Հայաստանի միջոցով Մերձավոր Արևելքի երկրներում գործարարության ծավալման հեռանկարները և այլն: Գործարարներին ներկայացվեց նաև նոր բիզնես սկսելու, օտարերկրյա ներդրողներին տրվող արտոնությունները և երաշխիքները, հարկային համակարգը, ֆինանսական և ապահովագրական համակարգերը:
Հանդիպման ավարտին դեսպան Ղազարյանը, պատասխանելով հանդիպման մասնակիցներին հուզող հարցերին, Կիելցեի գործարարներին տեղեկացրեց առաջիկայում Լեհաստանում և Հայաստանում նախատեսվող հայ-լեհական գործարար համաժողովների մասին` առաջարկելով ակտիվ մասնակցություն ցուցաբերել դրանց աշխատանքներին և կոնկրետ գործնական կապեր հաստատել հայաստանյան կազմակերպությունների հետ: