Հայ-ֆրանսիական մանկական նվագախումբը համերգներ կունենա Ֆրանսիայում և Շվեյցարիայում
ՄշակույթՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ` 2017 թ. հունիսի 28-ից հուլիսի 11-ը Ֆրանսիայում և Շվեյցարիայում կկայանան Հայ-ֆրանսիական մանկական նվագախմբի համերգները:
Նախագծի կազմակերպիչներն են՝ Երևանի Պ. Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտական դպրոցը և Ֆրանսիայի Ռոմանի կոնսերվատորիան:
Հայ-ֆրանսիական մանկական նվագախմբում ընդգրկված են Պ. Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտական դպրոցի և Ռոմանի կոնսերվատորիայի 10-15 տարեկան սաները: Այս մասին տեղեկացրին ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից:
Նվագախումբը հունիսի 30-ին համերգներով հանդես կգա Մարսելում, հուլիսի 5-ին՝ Վալանսում, հուլիսի 7-ին՝ Ռոմանում, հուլիսի 8-ին՝ Ժնևում, հուլիսի 9-ին՝ Լիոնում:
Համերգային ծրագրում կհնչեն հայ և ֆրանսիացի կոմպոզիտորների ստեղծագործություններ:
Նախագծի շրջանակում կկազմակերպվեն վարպետության դասեր՝ Հայաստանից ժամանած առաջատար մասնագետների կողմից, ինչպես նաև` գիտաճանաչողական այցելություններ Ֆրանսիայի և Շվեյցարիայի մշակութային օջախներ: