Արցախում անցկացվել է սամբոյի միջազգային մրցաշար
ՍպորտԱրցախի Հանրապետության կրթության, գիտության և սպորտի նախարարության, ԱՀ և ՀՀ սամբոյի ֆեդերացիաների համատեղ նախաձեռնությամբ Ստեփանակերտում մեկնարկել է ԽՍՀՄ կրկնակի հերոս Նելսոն Ստեփանյանի հիշատակին նվիրված սամբոյի միջազգային մրցաշար:
Արմենպրեսի փոխանցմամբ` նմանատիպ մրցաշար առաջին անգամ է անցկացվում Արցախում: «Սամբոյի միջազգային մրցաշարը Ստեփանակերտում անցկացնելով՝ փորձում ենք Արցախն աշխարհին ավելի ճանաչելի դարձնել: Այս մրցաշարին մասնակցում են 90 մարզիկ՝ Արցախի և Հայաստանի Հանրապետություններից, Ռուսաստանի Դաշնությունից, Աբխազիայից: Նպատակ ունենք այլ մարզաձևերից ևս կազմակերպել միջազգային մրցաշարեր»,- նշել է ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարարության աշխատակազմի սպորտի վարչության պետ Աշոտ Դանիելյանը՝ հավելելով, որ մրցաշարի հաղթողները կպարգևատրվեն գավաթներով, մեդալներով, պատվոգրերով և դրամական պարգևով: