Կայացավ Շիրակի մարզի համայնքների և կոլեկտիվների թիմերի շախմատի առաջնությունը
ՍպորտԳյումրու «Սև բերդ» ամրոցում հունիսի 25-ին տեղի ունեցավ Շիրակի մարզի համայնքների և կոլեկտիվների թիմերի շախմատի առաջնությունը: Շիրակի շախմատի ֆեդերացիայի նախաձեռնությամբ անցկացվող մրցաշարին մասնակցում էր 24 թիմ՝ 10 համայնք և 14 կոլեկտիվ:
«Առաջանությունն անցկացվում է երկրորդ անգամ, բայց ամեն անգամ նոր ձևաչափով՝ առաջին անգամ Գյումրին ներառելով, այս անգամ նաև այլ համայնքներ, իսկ հաջորդ անգամ նախաձեռնում ենք արդեն առաջնությունը դարձնել միջազգային»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Շիրակի մարզի շախմատի ֆեդերացիայի նախագահ Միսակ Բալասանյանը:
Մրցաշարին հետևում էր Հայաստանի քառակի չեմպիոն, գրոսմայստեր Սմբատ Լպուտյանը, ով, իր գոհունակությունը հայտնելով նախաձեռնության հեղինակներին, «Արմենպրես»-ին վստահեցրեց, որ սա միայն ու միայն կնպաստի շախմատի մասսայականացմանը: «Եթե ամեն մի կոլեկտիվ, որը մասնակցում է առաջնությանը, արդեն իսկ մինչ այստեղ գալն իրականացրել է մրցումներ, ապա մեծ հետաքրքրություն է առաջանում և այստեղ են գալիս ուժեղագույները: Սա իրական մասսայականության լավագույն ճանապարհն է»,- նշեց Սմբատ Լպուտյանը:
Առաջնության լավագույն եռյակը եզրափակեց «Շիրակ» համալսարանի թիմը, երկրորդ տեղում «Վետերան»-նն էր, իսկ առաջնության հաղթող ճանաչվեց «Արարատբանկ»-ի թիմը: Հաղթող թիմերն արժանացան գավաթների:
Արմենուհի Մխոյան