Մենի Պակյաոն անհետաքրքիր մենամարտ է սպասում Մաքգրեգորի եւ Մեյվեզերի մասնակցությամբ
ՍպորտՖիլիպինցի լեգենդար բռնցքամարտիկ Մենի Պակյաոն պատմել, է որ չի պատրաստվում դիտել UFC-ի թեթեւ քաշային կարգում չեմպիոն, խառը մենամարտերի իռլանդացի մարզիկ Քոնոր Մաքգրեգորի եւ պրոֆեսիոնալ բռնցքամարտի 5 քաշային կարգերում աշխարհի նախկին չեմպիոն Ֆլոյդ Մեյվեզեր կրտսերի (49–0, 26 նոկաուտ) միջեւ մենամարտը:
«Իսկական լավագույն մենամարտը կլինի Գոլովկինի եւ Ալվարեսի միջեւ հանդիպումը: Լավագույնը կմենամարտի լավագույնի հետ, եւ ես կդիտեմ հենց այդ մենամարտը: Ինչ վերաբերում է Մաքգրեգորի եւ Մեյվեզերի միջեւ մենամարտին, ապա Քոնորը ոչ մի շանս չունի: Ընդհանրապես, դա կարող է լինել շատ անհետաքրքիր: Մաքգրեգորը չի կարող գոնե մեկ լիարժեք հարված կատարել Ֆլոյդին: Եվ ինչպե՞ս նա պետք է անի դա: Նա փորձ չունի պրոֆեսիոնալ ռինգում»,- Մենի Պակյաոյի խոսքը մեջբերում է MMAJunkie-ն:
Հիշեցնենք, որ Մաքգրեգորի եւ Մեյվեզերի միջեւ մենամարտը տեղի կունենա օգոստոսի 26-ին Լաս Վեգասի MGM Grand մարզապալատում: Մարտը կանցկացվի բռնցքամարտի կանոններով: Սպասվում է, որ մարտիկներն այդ մենամարտից կստանան 100 միլիոն դոլարից ավելի: