Դավիթ Հարությունյանը մասնավոր հատվածին ներկայացնում է երկրի հակակոռուպցիոն քաղաքականությունը
ՀասարակությունՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը հունիսի 30-ին վարպետության դաս է անցկացրել ՎիվաՍել-ՄՏՍ-ի անձնակազմի համար՝ ներկայացնելով Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն քաղաքականությունը, բիզնես ոլորտում իրականացված բարեփոխումները, նորարական քայլերը և հարցուպատասխանի միջոցով ներկայացրել կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված վերջին զարգացումները:
Նախարարը հատուկ շեշտադրել է կառավարության նոր ծրագիրը, որում թե՛ արդարադատության, և թե՛ անմիջապես կոռուպցիայի դեմ պայքարին առնչվող դրույթները պարունակում են նորարարական լուծումներ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Դավիթ Հարությունյանը կոռուպցիայի դեմ պայքարում հաջողություն արձանագրելու կարևոր բաղադրիչներից ﬔկն է համարել նաև մասնավոր հատվածի ներգրավվածությունը և ակտիվ դերակատարությունը: Այդ առումով նախարարը հատկանշական է համարել ՎիվաՍել-ՄՏՍ-ի հետ համագործակցությունն ու ընկերության՝ բիզնեսում առկա խոչընդոտների և դրանց հաղթահարման վերաբերյալ կարծիքներն ու նորարար առաջարկները լսելու պատրաստակամություն է հայտնել:
ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանն ընդգծել է, որ ընկերությունը պատրաստ է Արդարադատության նախարարության հետ կիսել միջազգային առաջավոր փորձի վրա հիմնված իր գործնական լուծումները՝ համապատասխան օրենսդրության զարգացմանն ու բարելավմանն աջակցելու նպատակով:
Կողմերը մտքեր են փոխանակել բաց քննարկման ձևաչափով: Հանդիպման ավարտին ստորագրվել է Փոխըմբռնման հուշագիր: