Samsung-ը հուլիսի 7-ից Հարավային Կորեայում կսկսի վաճառել վերանորոգված Galaxy Note 7 սմարթֆոնները
ՀասարակությունSamsung Electronics-ը հայտարարել է, որ Հարավային Կորեայում հուլիսի 7-ին կմեկնարկի հետ կանչված Galaxy Note 7 սմարթֆոնների վերանորոգված տարբերակների վաճառքը, հայտնում է Reuters գործակալությունը: Ավելի վաղ Galaxy Note 7-ի վաճառքը դադարեցվել էր մարտկոցի պայթյունների բազմաթիվ դեպքերի պատճառով:
Samsung-ը հայտարարել է, որ վաճառքի կհանի Galaxy Note 7 Fan Edition անունը ստացած 400 000 հեռախոսը 611 դոլարով, ինչը 30 տոկոսով ավելի ցածր է, քան նախորդ Note 7-երի մեկնարկային գինը:
Սմարթֆոնները պատրաստվել են հետ կանչված Note 7 հեռախոսներից, նոր սմարթֆոնների մարտկոցները ավելի փոքր հզորության են, բայց անցնել են անվտանգության նոր ստուգումներ, հայտնել է ընկերությունը:
Ընկերությունն ավելի վաղ հայտարարել է, որ պատրաստվում է վաճառել վերանորոգված Note 7-երն այն բանից հետո, երբ Samsung-ի և այլ անկախ ընկերությունների կողմից անցկացված հետաքննությունները պարզել են, որ բռնկումների պատճառը եղել են միայն մարտկոցները:
Ընկերությունը հայտարարել է, որ կորոշի, թե արդյոք ավելի ուշ վաճառելու է նոր սմարթֆոններն այլ շուկաներում՝ հավելելով, որ չի պատրաստվում սարքերը վաճառքի հանել Միացյալ Նահանգներում և Հնդկաստանում:
Galaxy Note 7 սմարթֆոնի վաճառքը մեկնարկել է 2016 թվականին, սակայն շուտով դադարեցվել է` օգտագործման ընթացքում բռնկումների վերաբերյալ բազմաթիվ բողոքների պատճառով: Արդյունքում` Samsung-ը ստիպված է եղել ամբողջությամբ դադարեցնել տվյալ սարքի արտադրությունը: