Թող ինձանից որեւէ մեկը չնեղանա, բայց ...
ՀասարակությունԱյսօր խորհրդարանում 2016 թ-ի բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ՀՀ մշակույթի նախարարին ասաց, որ գրողների միության անդամ հաճախ դառնում են մարդիկ, ում գրվածքները մակուլատուրա են հիշեցնում. «Պետբյուջեով ինչ ասես տպվում է: Լրագրող ժամանակ ես ուսումնասիրել եմ, մի մարդ գրել է պատմվածք՝ «Ինչո՞ւ է վրնջում ձին» եւ դարձել է գրողների միության անդամ: Այն չափորոշիչները, որով մարդիկ դառնում են այս կամ այն ստեղծագործական միության անդամ, ուղղակի ողբալի են», - ասաց պատգամավորը:
Պատգամավորը նաեւ հետաքրքրվեց՝ արդյո՞ք 2018 թվականի բյուջեով այս հարցը լուծվելու է եւ հստակ չափորոշիչներ են տրամադրվելու գրքերը տպագրելու համար: «Թող ինձանից որեւէ մեկը չնեղանա, բայց ես մոնիթորինգ եմ անցկացրել Հայաստանի գրախանութներում եւ պետպատվերով գրված գրողների ստեղծագործությունների 90 տոկոսը մակուլատուրա են», - ասաց Զոհրաբյանը:
Որպես պատասխան՝ մշակույթի նախարարը նշեց, որ կիսում է մտահոգությունը: Նա խոստացավ որ 2018-ի բյուջեով պատգամավորի բարձրաձայնած խնդիրներին ուշադրություն կդարձվեն: