Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին հնարավոր կլինի կարճ հաղորդագրություններով նվիրաբերություններ կատարել ՌԴ-ից
ՀասարակությունԶինծառայողների ապահովագրության հիմնադրամը ներկայումս բանակցում է Ռուսաստանի Դաշնության բջջային կապի օպերատորների հետ, որպեսզի կարճ հաղորդագրությունների միջոցով հնարավոր լինի ապահով եղանակով նվիրաբերություններ կատարել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հուլիսի 3-ին Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստի ժամանակ ասաց ՀՀ կենտրոնական բանկի իրավաբանական վարչության պետ, Հիմնադրամի տնօրեն Վարուժան Ավետիքյանը:
«Փորձում ենք հասկանալ, թե ինչպես կարելի է ապահով եղանակով Ռուսաստանի օպերատորների միջոցով ապահովել, որպեսզի մեր հայրենակիցները հաղորդագրություններ ուղարկելով կարողանան նվիրաբերություններ կատարել: Բանակցությունները շարունակվում են, քանի որ մեր կարևոր խնդիրն ապահովություն է, որ փոխանցման ընթացքում գումարները նպատակային և հասցեական ուղարկվեն և ճանապարհին չկորչեն»,- ասաց Ավետիքյանը:
ՀՀ պաշտպանության նախարար, Հիմնադրամի խորհրդի նախագահ Վիգեն Սարգսյանն իր հերթին ընդգծեց, որ հարկավոր է մինչ հոգաբարձուների խորհրդի հաջորդ նիստն այդ աշխատանքներն իրականացնել: