Մեսին 50 միլիոն կստանա «Բարսելոնայի» հետ պայմանագիրը երկարձգելու համար
ՍպորտԱրգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսին «Բարսելոնայի» հետ գործող պայմանագիրը մինչեւ 2021 թվականը երկարաձգելու համար կստանա 50 միլիոն եվրո բոնուս, գրում է Sport.es-ը:
Կատալոնական ակումբն աստիճանաբար այդ գումարը կվճարի մինչեւ պայմանագրի ավարտը:
Նախօրեին «Բարսելոնան» պաշտոնապես հայտնել էր, որ Մեսին նոր պայմանագիրը կկնքի արձակուրդից վերադառնալուց հետո:
Իսպանական մամուլի համաձայն՝ 30-ամյա ֆուտբոլիստի շաբաթական աշխատավարձը կկազմի 500 հազար ֆունտ ստերլինգ: Նոր պայմանագրով Մեսիի կլաուզուլան (տրանսֆերի նվազագույն արժեքը, որին համապատասխան առաջարկ ստանալիս ակումբը պարտավոր է վաճառել ֆուտբոլիստին) կլինի 300 միլիոն եվրո:
Հիշեցնենք, որ արգենտինացի հարձակվողի գործող պայմանագիրն ավարտվում է 2018 թվականի ամռանը: Նա 13 տարեկանից է «Բարսելոնայի» համակարգում: «Բարսելոնայի» կազմում արգենտինացին անցկացրել է 583 հանդիպում եւ խփել 507 գոլ: