Անվճար թեժ գծի շնորհիվ մարզերի ծննդատների ու Երևանի բարձր որակավորմամբ բժիշկների միջև կպահվի մշտական կապ
Հասարակություն24/7 անվճար հեռախոսակապի ծառայության շնորհիվ մարզերի մի շարք ծննդատներ կարող են 24 ժամ շարունակ անվճար խորհրդատվություն ստանալ մայրաքաղաքի բարձրագույն որակավորում ունեցող 6 բժիշկներից: Ստեղծված է նաև անվճար տեսազանգի հնարավորություն: Անհրաժեշտության դեպքում երևանյան թիմն իր սարքավորումներով կուղարկվի մարզեր:
Հուլիսի 6-ին լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Նեոնատալ բժշկության հայկական ասոցացիայի նախագահ Հրանտ Կալենտերյանը:
«Ստեղծվել է թեժ գիծ, որն այժմ գործում է այլ որակով: Մենք բոլոր ծննդատներին բաժանել ենք անվճար հեռախոսահամարներ, նաև պլանշետներ՝ կատարելու տեսազանգ: Տեսազանգերի շնորհիվ կարելի է տեսնել նաև հիվանդի տեսապատկերը, միջամտությանը ուղղություն տալ: 24 ժամ շարունակ երևանյան բժիշկներից կարող են ստանալ խորհրդատվություն, ինչը տվել է որոշակի արդյունքներ:
Բոլոր մարզերն ունեն անվճար հեռախոսակապի հնարավորություն, իսկ տեսակապի հնարավորություն ունի 24 մեծ ծննդատուն: Առաջնահերթություն ենք տվել ըստ հեռավորության»,-ասաց Կալենտերյանն ու հավելեց, որ ծառայությունը գործում է արդեն 11 ամիս և այդ ամիսներին ստացել են 400-ից ավելի հիվանդի համար զանգ:
Նրա խոսքով՝ կապը կենտրոնացած է «Մուրացան» համալսարանական հիվանդանոցում, քանի որ ունի արագ արձագանքման հնարավորություն: Մասնագետները պատահական մարդիկ չեն, խորհրդատվություն են տալիս հիվանդանոցի բարձրագույն որակավորում ունեցող 6 մասնագետներ, որոնցից 4-ը հիմնական են: Անհրաժեշտության դեպքում երևանյան թիմն իր սարքավորումներով ուղարկվում է տվյալ ծննդատուն: