Սուրեն Կարայանն ընդունել է Եվրասիական զարգացման բանկի վարչության նախագահին
ՏնտեսությունՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը հուլիսի 7-ին ընդունել է Եվրասիական զարգացման բանկի(ԵԶԲ) վարչության նախագահ Դմիտրի Պանկինին:
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցության խորացմանն ու ընդլայնմանը վերաբերող հարցեր: Մասնավորապես, տնտեսական զարգացման և ներդրումների նախարարը կարևորել է բանկի առավել ակտիվ ներգրավվածությունը մասնավոր բիզնես ծրագրերում։ Նշվել է, որ մի քանի ուղղությամբ արդեն իսկ կան ընթացող ծրագրեր։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Եվրասիական զարգացման բանկի կողմից գյուղատնտեսական և էներգետիկ ոլորտներում ֆինանսավորվող ծրագրերը, որոնց նախապատրաստական աշխատանքները մոտենում են ավարտին։
Կողմերն անդրադարձել են նաև ԵԶԲ ռեսուրսների մատչելիության ապահովմանը ավելի փոքր ներդրումային ծրագրերի իրականացման համար՝ քննարկելով դրա իրականացման մեխանիզմները և նպատակահարմար ձևաչափը։
Ինչպես տեղեկացրին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, Դմիտրի Պանկինը նշել է նաև, որ ակտիվ համագործակցություն կա հայաստանյան առևտրային բանկերի հետ։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել ակտիվ համագործակցությունը, մասնավորապես տեղեկատվություն փոխանակելով իրականացվելիք ծրագրերի և համագործակցության նոր ուղղությունների վերաբերյալ։