Վահան Մարտիրոսյանը ԵՆԲ ներկայացուցիչների հետ քննարկել է համագործակցության ծրագրերի ընթացքը
ՏնտեսությունՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանն ընդունեց Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) ներկայացուցիչներին՝ ոչ ԵՄ տարածաշրջանի հանրային բաժնի ղեկավար Սիժուխ Ժատինի գլխավորությամբ։
Այս մասին տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից:
Ողջունելով ներկաներին՝ Վահան Մարտիրոսյանը նշեց, որ ԵՆԲ-ի հետ համագործակցության ամուր հիմքեր կան և հույս հայտնեց, որ ճանապարհաշինական ծրագրերի շրջանակներում ձևավորված երկկողմ գործակցությունը հետագայում ևս կշարունակվի։
Հանդիպման ընթացքում քննարկվեցին նախարարության և ԵՆԲ-ի համագործակցության շրջանակներում իրականացվող ծրագրերի ընթացքը, մասնավորապես՝ Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման (Մ-6) միջպետական մայրուղու հիմնանորոգմանն առնչվող հարցեր։
Նախարարն ընդգծեց, որ Հայաստանը Վրաստանին կապող այս ճանապարհն կարևոր ռազմավարական նշանակություն ունի Հայաստանի համար։ Արդեն իսկ մեծածավալ աշխատանք է կատարվել, ճանապարհը կառուցվում է սահմանված չափորոշիչներին համապատասխան և բարձր որակով։ Կարևոր է, որպեսզի ճանապարհի հիմնանորոգման աշխատանքներն ավարտվեն նախանշված ժամկետների շրջանակներում, հնարավորին սեղմ ժամանակում։
Քննարկվեցին նաև «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի» ներդրումային ծրագրի Թալին-Գյումրի հատվածում աշխատանքների ընթացքին, առկա խնդիրներին վերաբերող հարցեր։
Հանդիպման ընթացքում անդրադարձ եղավ նաև ընթացիկ մի շարք ծրագրերի, ինչպես նաև առաջիկա համագործակցության հնարավորություններին։