Ֆուտբոլը կորցրեց իր ամենախիզախ երկրպագուներից մեկին. մահացել է «Սանդերլենդ»-ի փոքրիկ երկրպագուն (տեսանյութ, լուսանկարներ)
ՍպորտՀուլիսի 7-ին 6 տարեկան հասակում մահացել է «Սանդերելնդ»-ի փոքրիկ երկրպագու Բրեդլի Լոուրին:
6-ամյա տղան երկար ժամանակ պայքարում էր քաղցկեղի դեմ: Փոքրիկն անգլիական ակումբի ամենահայտնի երկրպագուն էր:
Անցյալ տարվա դեկտեմբերի 15-ին Բրեդլին «Սանդերլենդ»-ի և «Չելսի»-ի միջև հանդիպմանը դաշտ էր դուրս եկել և գոլ խփել Ասմիր Բեգովիչի պաշտպանած դարպասին: Դա «Սանդերլենդ»-ի կազմակերպած բարեգործական ակցիան էր փոքրիկ երկրպագուի համար:
Հունվարի սկզբին BBC-ն հայտարարեց՝ դեկտեմբերի լավագույն գոլերից մեկի հեղինակը հենց Բրեդլին է, մյուսը հեղինակել էր Հենրիխ Մխիթարյանը:
Փոքրիկ էրկրպագուն խաղադաշտ էր դուրս եկել նաև Անգլիայի և Լիտվայի հավաքականների միջև հանդիպմանը՝ Ջերեմեյն Դեֆոյի հետ: Ֆուտբոլիստն ընկերացել էր 6-ամյա տղայի հետ և ներկա էր գտնվել նաև նրա ծննդյան 6 ամյակին:
Այս տարվա հուլիսի 1-ին Դեֆոն այցելել էր իր փոքրիկ ընկերոջը վերջին անգամ:
«Բորնմութ»-ը մամուլի ասուլիս էր հրավիրել նոր մրցաշրջանից առաջ, որին մասնակցել էր «Սանդերլենդ»-ից տեղափոխված Դեֆոն: Երբ նրան հարցրել էին փոքրիկ տղայի մասին, նա չէր կարողացել զսպել արցունքները:
Փոքրիկ երկրպագուի մահվան կապակցությամբ մի շարք ակումբներ, Անգլիայի Պրեմիեր լիգայի մամուլի ծառայությունը ցավակցություն են հայտնել:
ՖԻՖԱ-ի թվիթերյան էջում էլ գրված է.
«Ֆուտբոլը կորցրեց իր ամենախիզախ երկրպագուներից մեկին»: