Ռոմելու Լուկակու. Ո՞վ կարող է մերժել աշխարհի մեծագույն ակումբին
Սպորտ«Մանչեսթեր Յունայթեդի» նորեկ Ռոմելու Լուկակուն խոսել է իր տեղափոխության մասին: Անգլիական «Էվերտոնից» տեղափոխված բելգիացի հարձակվողը թվիթերյան էջում հայտնել է, որ Լոս Անջելեսում բուժզննում է անցել «Մանչեսթեր Յունայթեդի» համար:
«Սա աշխարհի մեծագույն ակումբն է: «Մանչեսթեր Յունայթեդը» տենչում է դարձյալ տիտղոս նվաճել Պրեմյեր լիգայում եւ գերիշխել աշխարհում: Երբ ստացա այս առաջարկը, երկար չմտածեցի: Շատ ուրախ եմ եւ հուսով եմ դառնալ «Մանչեսթեր Յունայթեդի» պատմության մի մասը:
Ո՞վ կարող է մերժել աշխարհի մեծագույն ակումբին, որն ունի Անգլիայի լավագույն ստադիոնն ու երկրպագուները: Սա հրաշալի հնարավորություն է: Միշտ ասել եմ, որ ցանկանում եմ խաղալ մի ակումբում, որը պայքարում է բոլոր մրցաշարերում հաղթելու համար»,- 24-ամյա ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է ESPN-ը:
Հիշեցնենք, որ նախօրեին «Մանչեսթեր Յունայթեդը» հայտարարել էր Ռոմելու Լուկակուի տրանսֆերի վերաբերյալ «Էվերտոնի» հետ բանակցությունները հաջողությամբ ավարտելու մասին: Առաջիկայում կողմերը կկնքեն պայմանագիր: Անգլիայի ավարտված առաջնությունում Լուկակուն մասնակցել է 37 խաղի եւ դարձել 25 գոլի հեղինակ: Նա 2013 թվականից էր հանդես գալիս «Էվերտոնում»: