Մոուրինյո. Չէի կարող խոչընդոտել Ռունիի՝ «Էվերտոն» վերադառնալու ցանկությանը
Սպորտ«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն խոսել է անգլիական «Էվերտոն» տեղափոխված Ուեյն Ռունիի մասին:
«Գաղտնիք չէ, որ ես երկար ժամանակ եղել եմ Ռունիի երկրպագուն: Նա օրինակելի պրոֆեսիոնալ էր եւ երկար տարիներ կմնա ակումբի պատմության մեջ:
Հեշտ չէ տեսնել, որ մեծագույն ֆուտբոլիստը խաղում է ավելի քիչ, քան ցանկանում է: Չէի կարող խոչընդոտել, երբ նա հայտնեց «Էվերտոն» վերադառնալու ցանկության մասին: Կունենանք Ռունիի փորձի, կենտրոնացվածության եւ վճռականության պակասը: Լավագույնն եմ մաղթում նրան»,- մարզիչի խոսքը մեջբերում է «Մանչեսթեր Յունայթեդի» կայքը:
Հիշեցնենք, որ Անգլիայի հավաքականի 31-ամյա հարձակվողը լիվերպուլյան ակումբի հետ կնքել է 2 տարվա պայմանագիր: «Էվերտոնում» Ռունին ընտրել է 10 համարի մարզաշապիկը, որը պատկանում էր «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխված բելգիացի հարձակվող Ռոմելու Լուկակուին:
Ուեյն Ռունին կարիերան սկսել է հենց «Էվերտոնում», որտեղից 2004-ին տեղափոխվել էր «Մանչեսթեր Յունայթեդ»: Անգլիացին 253 գոլով դարձել է «Մանչեսթեր Յունայթեդի» պատմության լավագույն ռմբարկուն:
«Մանչեսթեր Յունայթեդի» կազմում հարձակվողը 5 անգամ դարձել է Անգլիայի չեմպիոն, հաղթել Չեմպիոնների լիգայում, Անգլիայի Գավաթում, Եվրոպայի լիգայում ու աշխարհի ակումբային առաջնությունում, 3 անգամ նվաճել Անգլիական լիգայի գավաթը ու 4 անգամ դարձել երկրի սուպերգավաթակիր: