Դեսպան Թումանյանը այցելել է Իրանի «Շասթա» ներդրումային ընկերություն
ՏնտեսությունԻրանի Իսլամական Հանրապետությունում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը հուլիսի 10-ին այցելել է Իրանի «Շասթա» ներդրումային ընկերություն, որն իր մեջ ներառում է տնտեսության տարբեր ոլորտներում գործունեություն իրականացնող 11 հոլդինգ՝ նավթի և գազի արդյունահանում և վերամշակում, հեռահաղորդակցություն, վերականգնվող էներգետիկա, հանքարդյունաբերություն, ապահովագրություն, դեղագործություն, ցեմենտի արտադրություն և այլն:
Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից՝ հավելելով. «Այցի շրջանակներում դեսպան Թումանյանը հանդիպեց «Շասթա» ընկերության գործադիր տնօրեն և տնօրենների խորհրդի անդամ Սեյեդ Ռեզա Նոուռուզզադեի, ինչպես նաև ընկերության մի շարք հոլդինգների ղեկավարների հետ: Հանդիպանը քննարկվեցին Հայաստան-Իրան հնարավոր ներդրումային ծրագրերը և համագործակցության հեռանկարները:
Դեսպան Թումանյանը հանգամանորեն ներկայացրեց Հայաստանի ներդրումային քաղաքականության առանձնահատկություններն ու առավելությունները, գործարար միջավայրի վիճակը, Հայաստան-Իրան տնտեսական կապերի ամրապնդման հնարավորությունները, ընկերության ներկայացուցիչներին փոխանցվեց անհրաժեշտ տեղեկատվություն Հայաստանի տնտեսության, օրենսդրության և ներդրումային ծրագրերի վերաբերյալ»: