Գյուղնախարարությունը կփոխի գյուղացիական տնտեսություններին մատչելի վարկերի տրամադրման ծրագրի գաղափարը
ՏնտեսությունՆախկինում ցանկացած գյուղացիական տնտեսությանը մինչև 3 մլն դրամ մատչելի վարկերի տրամադրման ծրագրի գաղափարը օգոստոսից կամ սեպտեմբերից կփոխվի: ՀՀ գյուղնախարարությունը որոշել է ծրագրով նախատեսված վարկի տրամադրման նվազագույն շեմը դարձնել 3 մլն դրամը, իսկ առավելագույնը` 10 մլն դրամը:
Այս մասին հուլիսի 10-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը:
«Տարեկան շուրջ 15 մլրդ դրամ էր տրամադրվում վարկային ծրագրի իրականացման համար, և այդ պատճառով բանկը տրամադրում էր փոքր ծավալով, որպեսզի ավելի շատ շահառուներ լինեին: Հիմա փորձելու ենք նվազագույն շեմը դարձնել 3 մլն դրամը և կներառենք մի բաղադրիչ, ըստ որի փոքր և միջին տնտեսությունները պետք է ներկայացնեն իրենց ծրագրերը»,-ասաց նախարարը` հավելելով, որ անհրաժեշտության դեպքում կկազմակերպեն վերապատրաստում կամ ուսուցանում` ներգրավելով մասնավոր ընկերություններին դասընթացների կազմակերպման համար:
Առաքելյանն ակնկալում է ներգրավել այն տնտեսությունները, որոնք ցանկանում են զարգացնել իրենց արդյունավետությունը: Նախարարը հավելեց, որ բոլոր պետական ծրագրերում ՀՀ ԳՆ-ն պետք է ներկայացված լինի որպես շահառու, որը հետաքրքրված է գյուղատնտեսության զարգացմամբ: