ՀՀ Նախագահի աշխատակազմին 2015թ. պետբյուջեով 4 միլիարդ 524 միլիոն դրամ կհատկացվի
ՀՀ Նախագահի աշխատակազմին 2015թ. պետական բյուջեով ծրագրված է հատկացնել 4 միլիարդ 524 միլիոն դրամ, որը 341 միլիոն դրամով ավելի է, քան այս տարի: Այս մասին ԱԺ-ում ՀՀ 2015թ. պետական բյուջեի նախագծի նախնական քննարկման ընթացքում տեղեկացրեց ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Վարդան Արամյանը: «Ավելացված գումարի 90 տոկոսը բաժին է ընկնում աշխատավարձի ավելացումներին: Պետք է նշել, որ հունիսի մեկից նոր համակարգ է ներդրվել, ունենք 370 հաստիք, որոնց աշխատավարձերը ավելացել են 8-9 տոկոսով»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց նա:
Արամյանը կարևոր գործիք է համարում ծրագրային բյուջետավորումը, որն, ըստ նրա, պետք է աստիճանաբար ներդնեն: Նա նկատեց, որ այս առումով ոչ ֆինանսական ցուցանիշները բաժանել են երեք հիմնական մասի՝ կապված աշխատակազմի գործունեության հետ: